Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է գրեթե 110 ցուցարարների բերման ենթարկելու մասին
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ 107 մարդ է բերման ենթարկվել:
Բոլորը մեղադրվում են ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանություն կատարելու մեջ:
Նշվում է, որ ողջ գիշեր ցուցարարները դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին, նրանց վրա նետել տարբեր իրեր, քարեր, ապակե շշեր:
Տուժել է ՆԳՆ 10 աշխատակից: Բուժհաստատությունում դեռ այրվածքներով մեկ ոստիկան կա։
«Չնայած բազմաթիվ կոչերին, հավաքվածները վնասել են Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքը և մասնավոր անձանց գույքը, խորհրդարանի անվտանգության ցանկապատը, հրկիզել տարբեր առարկաներ և էլեկտրալարեր, կանգնեցրել բարիկադներ, վնասել խորհրդարանի դարպասներն ու տեսախցիկները», - ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունը ոչինչ չի ասում ոստիկանության գործողություններից տուժած ցուցարարների և լրագրողների մասին։ Լրատվամիջոցներն արձանագրել են ցուցարարներին ծեծի ենթարկելու բազմաթիվ դեպքեր։