Ո՞վ կնշանակվի դատախազի տեղակալ՝ Սրբուհի Գալյանի փոխարեն. բաց մրցույթ է հայտարարվել
Դատախազությունը հայտարարել է բաց մրցույթ՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքից։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար:
Այս բաց մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը, որոնց թվում՝ նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024թ. դեկտեմբերի 25-ը` ժամը 15։00-ը ներառյալ: