Կադրային վերադասավորումներ են լինում. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրիում համայնքապետի թեկնածուի ընտրության հարցում փրայմերիզի մոդելի կիրառումը հաջողված է համարում ու չի բացառում, որ դա կկիրառվի նաեւ այլ համայնքներում։
«Մենք, որպես քաղաքական թիմ, ամեն ինչ անելու ենք, ընտրություններում հաջողություն ապահովելու համար»,- Գյումրիում ասել է Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով 2025 թվականի գարնանը նախատեսված Գյումրիի ավագանու ընտրություններին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ փրայմերիզի արդյուններում Նիկոլ Փաշինյանը Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար է նշանակել Սարիկ Մինասյանին, որին Խուդաթյանն այսօր ներկայացրել է աշխատակազմին։
Խուդաթյանը նշել է, թե փրայմերիզով կարողացան հաղթահարել Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված ճգնաժամը։ «Համայնքում կա համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ով կկայացնի համապատասխան որոշումներ» , - ասել է նախարարը։
Գյումրիում արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու միայն 2025 թվականի փետրվարի 20-ին, այսինքն՝ բավական ուշացումով։ Արդյոք սրանով կառավարությունը չի փորձում ՔՊ-ին ժամանակ տալ՝ ընտրություններին պատրաստվելու, վարչական ռեսուրսն օգտագործելու համար, ինչին ի պատասխան Խուդաթյանը նշեց, թե ««ՔՊ»- ն իր կառավարման տարիներին ցույց է տվել, որ վարչական ռեսուրս կիրառելու անհրաժետություն չունի»։ Ինչ վերաբերում է Շիրակի մարզպետի պաշտոնանկությանը, ապա վստահեցրեց, թե իր հետ կապված կոռուպցիոն սկանդալ չկա»։
«Աշխատանքային պրոցես է, ոմանք անցնում են սահմանները և պատժվում են սահմաններն անցնելու հետ կապված։ Ես կխնդրեմ մեկը մյուսի հետ չկապել, ընդամենը աշխատանքային պրոցես է, կադրային վերադասավորումներ են լինում» , - նշել է Խուդաթյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետի ազատման մասին կառավարության նիստում հայտարարել էր, առանց այդ հարցը կառավարության նիստի օրակարգում ընդգրկելու։