Ուժային կառույցում ևս մեկ կի՞ն․ ԱԱԾ տնօրենի թեկնածուների մրցակցությունը հիմնականում երկուսի միջև է

Նիկոլ Փաշինյանը որոշել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել պաշտոնից։ Ըստ շրջանառվող լուրերի` Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի՝ ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի։
Սակայն, NEWSPRESS.am-ին հասած տեղեկություններով, Անդրանիկ Սիմոնյանը Փաշինյանի միակ թեկնածուն չէ։ Ըստ մեր աղբյուրների` շրջանառվում է նաև կին թեկնածուի անուն։ Խոսքը Քրիստիննե Գրիգորյանի մասին է, ով նախկինում հանդես է եկել որպես Մարդու իրավունքների պաշտպան, իսկ այժմ զբաղեցնում է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնը։
Ասում են՝ հիմնական մրցակցությունն այս երկուսի միջև է։
Հաշվի առնելով, որ վերջին նշանակումները պտտվում են կանանց շուրջ, ուստի չի բացառվում, որ այս` Անդրանիկ Սիմոնյան-Քրիստիննե Գրիգորյան «մենամարտում», հաղթի կին թեկնածուն՝ ի դեմս Քրիստիննե Գրիգորյանի։
Թե ինչպես է ընթանում Գրիգորյանի արտաքին հետախուզությունը, ոչ ոքի հայտնի չէ։ Համենայնդեպս, արտառոց դեպքեր չեն գրանցվել, ինչից կարելի է ենթադրել, որ նրա նշանակմամբ, երկրի, առանց այն էլ արդեն հիվանդ ազգային անվտանգությունը վերջնականապես «կմահանա»։
Արմինե Մկրտումյան