Կալանավորն «Արմավիր» ՔԿՀ-ում ածելիով վնասել է ՔԿԾ ծառայողներին․ երկու ծառայող տուժող է ճանաչվել. «Փաստինֆո»

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ածելիով վնասվածքներ է հասցրել ՔԿԾ աշխատակիցներին։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ սույն թվականի հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ն դատական նիստի տեղափոխվելու նպատակով քրեակատարողական ծառայողների կողմից ուղեկցվել է հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին՝ իր մոտ թաքցված ածելու սայրով վնասվածքներ պատճառելով ծառայողներից երկուսի դեմքի հատվածում։
«Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։ Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն»,- նշեց Նավիկյանը՝ հավելելով, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց քրեական վարույթից՝ նշելով, որ այն նախաձեռնվել է
09.01.2025թ. ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով:
«Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, սակայն դեռևս չեն ստացվել փորձագետի եզրակացությունները։ Որոշումներ են կայացվել 2 անձի տուժող ճանաչելու մասին, վերջիններս հարցաքննվել են»,- հայտնեց Ավդալյանը։