Դոնալդ Թրամփը նշել է, որ ցանկացած պահի պատրաստ է հանդիպել Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա խստացումը հավանական է, եթե Մոսկվան չբանակցի Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ:
Համապատասխան հայտարարությամբ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հանդես է եկել ամերիկյան վարչակազմի ղեկավարը։
Հարցին, թե նա հավելյալ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե երկրի ղեկավարությունը բանակցություններ չվարի ուկրաինական ճգնաժամը լուծելու համար, Թրամփը պատասխանել է. «Դա հավանական է թվում»:
Միաժամանակ նա կրկնել է այն պնդումը, որ Ուկրաինայում հակամարտությունը չէր սկսվի, եթե ինքը մնար ԱՄՆ-ում իշխանության ղեկին 2020 թվականի ընտրություններից հետո։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած պահի։
«Ցանկացած ժամանակ, երբ նա կցանկանա»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։