Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են երկու հարևան երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրանի նախագահը մատնանշել է երկու երկրների միջև առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները և ներկայումս իրականացվող համատեղ նախագծերը։
Մուստաֆաևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը ջանք չի խնայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու համար։
«Մենք նաև բարձր ենք գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում և կարծում ենք, որ մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր է միայն այս տարածաշրջանի երկրների ջանքերով։ Օտար պետությունների ներկայությունը մեզ չի օգնի այս հարցում»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։