«Բա զադերժկան ինչու՞մն ա»․ առ այս պահը Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորել Դոնալդ Թրամպին․ վերլուծաբան

Նկատենք, որ առ այս պահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպին պաշտոնամուտի կապակցությամբ: Այս մասին գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Արարողակարգի մանրամասներին լավ ծանոթ չեմ, գուցե չկա որեւէ պարտադիր շնորհավորանքի անհրաժեշտություն, առավել եւս, որ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանք Փաշինյանը հղել է: Բայց, այդուհանդերձ, եթե նույնիսկ չկա պաշտոնամուտի առիթով շնորհավորելու արարողակարգային անհրաժեշտություն, այդուհանդերձ դրա քաղաքական-դիվանագիտական անհրաժեշտությունն ակնառու է:
Կրկնեմ, առ այս գրառման պահը այդպիսի շնորհավորանք չի եղել: Ինչպես կհնչեր «դասական հարցը»՝ «բա զադերժկան ինչու՞մն ա»:
Առավել եւս, որ խոսքը, համեննայն դեպս ինչպես մատուցվում է, «ռազմավարական գործընկեր» երկրի նախագահի պաշտոնամուտի մասին է:
Թե՞ այդուհանդերձ իրականությունն այլ է, քան քարոզչությունը:
Փաշինյանն ի վերջո կարծում եմ կշնորհավորի, սակայն տվյալ պարագայում «հապաղումը» հատկանշական դետալ է:
Նախօրեին Մոսկվայում էր Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը, որը Լավրովի հետ քննարկել է հայ-ռուսական օրակարգի, նաեւ միջազգային օրակարգի հարցեր: Համենայն դեպս դատելով հայտարարություններից եւ ընդհանուր անտուրաժից, հնարավոր է խոսել արդյունավետ փոխհամաձայնությունների մասին: Եվ դա, ինչպես ասել եմ, միանգամայն ողջունելի է:
Սակայն, ինչպես ԱՄՆ հետ հարաբերությունը չպետք է կառուցել Ռուսաստանի հաշվին, այդպես էլ Ռուսաստանի հետ հարաբերության արդյունավետ ընթացքը չպետք է բերի հայ-ամերիկյան փոխհարաբերության անարդյունավետության ռիսկերի:
Անշուշտ, ես հեռու եմ մտքից, որ այդ հարաբերությունները կարող են ունենալ «թվաբանական» կամ «մաթեմատիկական» հավասարություն: Դրանք պետք է կառուցել հաշվի առնելով թե աշխարհաքաղաքականությունը, թե աշխարհագրությունը: Բայց, յուրաքաննչյուր ուղղությամբ պետք է ձգտել հնարավոր առավելագույնին»,-գրել է նա: