Ինչպես են գնահատվելու էքստերն ավարտական քննությունները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձեւով (էքստերն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025 թ. փետրվարի 15-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ:
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:
«Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում): Քննական հարցատոմսերը կազմում են էքստերն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:
Հիմնական կրթության վկայականում եւ միջնակարգ կրթության ատեստատում ավարտական եւ պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի:
Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով եւ համարվում են տարեկան գնահատականներ: