Ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից․ վերլուծաբան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է․
«Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից: Մենք այս մասին խոսելիս, ինչ որ մեխանիկական բանե՞ր ենք ասում, պարզապես ներքաղաքական տարբեր հաշվարկներից ու նպատակներից ելնելով, թե՞ խոսում ենք իրապես Հայաստանի համար գերկարեւոր թեմաների մասին: Որովհետեւ ցանկացած պարագայում Հայաստանում ներքաղաքական ստատուս-քվոն փոխվելու է, Հայաստանում իշխանությունը փոխվելու է՝ ուշ, թե շուտ, դա ինելու է միջազգային գործընթացների օրգանական, տրամաբանական շարունակությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունն ու Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականությունը՝ մշտապես լինելու են հայկական պետականության համար հիմնարար հարցերից մեկը:
Եվ ուրեմն, մենք այս թեման դարձնում ենք ներքաղաքական մեխանիկայի՞, թե՞ հասարակական-քաղաքական կարեւոր քննարկումների առարկա: Հայ-ռուսական հարաբերությունը պատմական տրանսֆորմացիայի փուլում է: Պատմական ասում եմ ամենեւին ոչ պատթեիկ իմաստով: Պատմական, որովհետեւ դա նաեւ միջազգային, համաշխարհային համատեքստով շրջադարձ է: Ռուսաստանը փոխում է Կովկասի հանդեպ իր քաղաքականության ռազմավարությունն ու հայեցակարգը: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը շարունակում էր Կովկասի հանդեպ մնալ հենց ԽՍՀՄ իրադրության հայեցակարգի շրջանակում:
Դա բնական է, որովհետեւ գերտերությունների վերադիրքավորումները պահանջում են շատ մեծ շամանակաշրջան, տարիներ, հաճախ տասնյակով չափվող տարիներ: Օրինակ, նույն ավելի մեծ խնդիրն ունի ԱՄՆ: Այն վերադիրքավորվում է որպես համաշխարհային հեգեմոն: Իր դիրքը փորձում է համապատասխանեցնել ուժերի այն հարաբերակցությանը, որ կա այսօր, որովհետեւ ԱՄՆ չունի աշխարհում նախկին ուժով դիրքավորվելու բավարար կարողություն:
Նույն կերպ, Ռուսաստանը չունի Կովկասում ԽՍՀՄ ուժով դիրքավորվելու բավարար կարողություն: Հայ-ռուսական հարաբերությունը հենց այդ մեծ տրանսֆորմացիայի մի դրվագն է: Ինչպես նշել եմ, Հայաստանի գերխնդիրը ոչ թե այդ պրոցեսը կասեցնելն է, ինչը կլինի ծիծաղելի, այլ այդ պրոցեսը կառավարելը:
Ըստ էության, դրանով են զբաղված եղել անկախ Հայաստանի բոլոր նախագահները: Եվ, չզարմանաք, դրանով է զբաղված նաեւ Փաշինյանը: Յոյւրաքանչյուրը կառավարել է այնքան, որքան թույլ է տվել իր հմտությունն ու բանիմացությունը, եւ որքան թույլ է Հայաստանի ներուժը: Այստեղ կա խոսելու շատ բան, բայց մենք հայ-ռուսական հարաբերության վրա ներքաղաքական բնույթի մեխանիկական խաղարկումներով որեւէ օգտակար բան չենք անի Հայաստանի համար, եւ, եթե անգամ կա մտայնություն, թե այդ խաղարկումներով որեւէ խնդիր կառաջանա Փաշինյանի համար՝ դա էլ կարծում եմ միամտություն է:
Հայաստանը չի կարող օգտվել ռուս-ադրբեջանական հարաբերության լարվածությունից, որովհետեւ հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները Ռուսաստանի համար որեւէ էական «կորելացիա» չունեն: Եթե մենք հայ-ռուսական հարաբերությունը չդիտարկենք այդ համատեքստում, մենք կշարունակենք մնալ ԽՍՀՄ ժաանակների իրադրության պատկերացումներում: Այն պատկերացումներում, որից դուրս գալու ռազմավարական որոշում է կայացրել եւ իրագործում Ռուսաստանն ինքը»։