Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով

«Հետք»․ Միջազգային արբիտրաժային ատյաններում Հայաստանի կողմից տարած դեռևս ռեկորդային ամենամեծ հաղթանակը՝ «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, եզակի է միջազգային ներդրումային արբիտրաժի պրակտիկայում: Փաստաբանական թիմին հաջողվել է հասնել նրան, որ Արբիտրաժային տրիբունալը վճռով պարտադրել է հայցվորներին փոխհատուցել այդ հայցերի հետևանքով Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին էլ հաջողվել է այդ գումարն ըստ էության ստանալ վճռի բողոքարկման վարույթի արդյունքներով: Գումարն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ բյուջե: Արդյունքում «Ռասիա ՖԶէ» ներդրումային ընկերությունը և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին ոչ միայն չեն ստացել պահանջած շուրջ 331 մլն ԱՄՆ դոլարը, այլև վնաս են կրել՝ Հայաստանին փոխհատուցելով դատական ծախսերը:
«Հետքն» անդրադարձել է այս վեճին: Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գործը մուտքագրվել է 2018 թվականի օգոստոսի 3-ին: Այն վերաբերում էր ՀՀ-ի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրերի, ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին 1992թ. պայմանագրի շրջանակներում երկաթգծի և մայրուղու կառուցման առնչությամբ կողմերի միջև ծագած վեճին: