Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ խմբի աշխատանքներն այժմ ընդհատվել և սառեցվել են․ Միխայիլ Գալուզին

Ռուսաստանը ողջունում է, որ Ադրբեջանը և Հայաստանը մշակեն խաղաղության պայմանագիր, որը կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և որն ականներ չի դնի ապագա սերունդների համար։
Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան դեմ է Արևմուտքի առաջարկած հապճեպ փաստաթղթերին։
«Մենք կողմ ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն այն երկրներն են, որոնց հետ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, խաղաղության պայմանագիր մշակեն, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և ական չի դնի ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին և դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան ինչ-որ հարթակում։
Նման հապճեպ, չմտածված և չստուգված որոշումները չեն կարող հանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ ընդհակառակը, կարող են ապագայի համար ցանել առճակատման որոշակի սերմեր, ինչը, անցանկալի է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, Հարավային Կովկասի, այլև Ռուսաստանի համար»,- նշել է Մ.Գալուզինը։
Փոխնախարարը նաև կոչ է արել հայկական կողմին շարունակել աշխատանքները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
«Ցավոք սրտի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ ուղղված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և տնտեսական կապերի վերականգնմանը, այժմ ընդհատվել և, այսպես ասած, սառեցվել է։ Իհարկե, մենք կոչ ենք անում կողմերին և առաջին հերթին մեր հայ ընկերներին այս խմբի շրջանակներում վերադառնալ աշխատանքի։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք ցանկանան»,- ընդգծել է Միխայիլ Գալուզինը։