Գովազդային վահանակների ապամոնտաժման շղարշի ներքո, Ավինյանենք ճանապարհներից հեռացնում են նաև հայ Մեծերի նկարներով ճանաչողական պաստառները (լուսանկարներ, տեսանյութ)

Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել փողոցներում տեղադրված գովազդային հսկայական վահանակների ապամոնտաժմանը։
Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ է և ժամանակին։ Իրականում դա պետք էր, քանի որ ապրանքեր գովազդող վահանակների պատկերները շարժական են և, հատկապես երեկոյան ժամերին, դրանց վառ գույների խաղը կարող է շեղել վարորդներին։
Ու հենց այս նոտայի վրա, երբ ուզում ես ծափահարել մայրաքաղաքային իշխանությանը, հասկանում ես, որ ամեն ինչ այն չէ, ինչպես թվում է։
Այն, որ այստեղ մի բան այն չէ և քաղաքապետարանը չէր կարող լավ գործ արած լիներ, կա մեկ շատ կարևոր պատճառ՝ գործող իշխանությունը մեղադրվում է կապիտուլյացիայի և երկիրը թշնամուն հանձնելու մեջ։
Եվ այսպես, պարզվում է, որ գունեղ ու շարժական պատկերներով գովազդային հսկա վահանակների անվան տակ, քաղաքային իշխանությունը, քաղաքագլուխ Ավինյան Տիգրանի ձեռամբ, շատ սահուն ու «աննկատ» հեռացնում է նաև մեր հայ ՄԵԾԵՐԻ անուններով ու լուսանկարներով ճանաչողական պաստառները։
NEWSPRESS.am-ի թղթակիցը դեռ մեկ տարի առաջ հպարտությամբ լուսանկարել է Մալաթիայի «Վեգա» խանութի մոտից մինչև Եռաբլուր տեղադրված պաստառները, որից հայ Մեծերը ժպիտով ճանապարհում էին մեքենաներն ու ուսուցողական դեր խաղում նոր սերնդի համար։ Նրանք, ովքեր տարբեր պատճառներով չեն ճանաչում մեր գրողներին, հերոսներին ու արվեստագետներին, գոնե պաստառի միջոցով իմանում էին նրանց մասին։
Այժմ այս պաստառները չկան։
Իհարկե, մեր թղթակիցը ֆիքսել է քաղաքի միայն մեկ հատվածում տեղադրված պաստառների անհետացումը, սակայն հարկ է նկատել, որ Երևանի գրեթե բոլոր փողոցները նույն վիճակում են հայտնվել։
Այնտեղ, որտեղ քաղաքի իշխանությունները չեն հասցրել իրենց սև գործն անել, թերևս դեռ կհասցնեն։
Ու ստացվում է, որ դպրոցական դասագրքերում մեր հայ մեծերի մասին տեղեկություններն ու կենսագրական տվյալները աղավաղելուց, երբեմն նաև «ջնջելուց» բացի, այս իշխանությունը փորձում է ամբողջությամբ վերացնել նրանց հետքը՝ ջնջելով նաև մեր պատմությունը։
Արմինե Մկրտումյան

