Անուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն գնացել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի հետքերով. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազին

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը դիմել էր Պետական վերահսկողության ծառայությանը, որպեսզի ուսումնասիրվի Անդրանիկ Հարությունյանին Մարտունու ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակելու փաստը։
ՊՎԾ-ն ուսումնասիրել է Անդրանիկ Հարությունյանին նշանակելու գործընթացը և արձանագրել է փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու առերևույթ հանցագործության հատկանիշներ ու այդ հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Անուշ Պողոսյանը հրապարակել է ՊՎԾ-ից ստացած պատասխան գրությունը. «ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը կատարեց իր օբեկտիվ մշտադիտարկումը, հերթը ՀՀ գլխավոր դատախազությանն է…»։
Հիշեցնենք՝ 2023 թվականին մեծ շուքով բացվեց Մարտունու բժշկական կենտրոնը, կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունը անորակ է, Փաշինյանի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը շահագործման ենթակա չէր։
Անփույթ աշխատանքի հետևանքով առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ փոխնախարարը և ԾԻԳ-ի պետը։ Աշխատանքից ազատվեց նաև Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ապա նշանակվեց ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Մի քանի անգամ հայտարարվեցին մրցույթներ՝ բուժհաստատության տնօրեն նշանակելու համար:
2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով թույլ չտվեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ։
ՀՀ ԱՆ կողմից գործուղված հանձնաժողովի անդամները նորից փաստել են, որ Անդրանիկ Հարությունյանը չունի մասնագիտական կամ հանրային ծառայողի ստաժ, սակայն մարզպետարանի կազմը 3 դեմ, 4 կողմ ձայներով նախապատվությունը տվեց Անդրանիկ Հարությունյանին։
Անուշ Պողոսյանը հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզպետն Անդրանիկ Հարությունյանին նշանակել է տնօրեն՝ անտեսելով ՀՀ ԱՆ մասնագիտացված վարչությունների ղեկավարների կարծիքը, դիտորդների ներկայությունը, անհայտ ծագումնաբանությամբ թղթերի և տեղեկանքների առկայությունը։
