Մեդվեդևը հեգնել է Զելենսկուն` ճաշարանում միայն Ռուսաստանն ու Ամերիկան են, իսկ ճաշացանկում բրյուսելյան, բրիտանական, փարիզյան խորտիկներ են, հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի արդյունքները՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունները համեմատելով ճաշի սեղանի հետ։ Այս մասին նա գրել է X-ում։
«Նախագահներ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ ճաշարանում միայն Ռուսաստանն ու Ամերիկան են։ Ճաշացանկում՝ թեթև խորտիկներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական ֆիշ ընդ չիփս և փարիզյան աքաղաղ։ Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է։ Բարի ախորժակ»,- գրել է Մեդվեդևն անգլերենով:
Այսպես է արձագանքել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությանը, թե Կիևի ռեժիմը «աղցան կամ կոմպոտ չէ, որ ճաշացանկում լինի»։
Ավելի վաղ բրիտանացի պաշտպանական հարցերով վերլուծաբան Մայքլ Քլարկը Sky News-ին տված հարցազրույցում հիշեցրել է մի ասացվածք, որը գոյություն ունի դիվանագիտական շրջանակներում. «Եթե սեղանի շուրջ չես, ապա ճաշացանկում ես»: