Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն 65 «Շկոդա» է ձեռք բերել բնութագրերի խախտմամբ և 40 պլանշետ` սահմանվածից 100 հազար դրամ ավելի թանկ գնով

Պետական գնումների մասին պարբերաբար բացահայտումներ են հրապարակվում, որոնց զգալի մասն, ավաղ, համապատասխան կառույցների կողմից ընթացք չեն ստանում: ՆԳ նախարարության գնումները վերջին տարիներին ամենախոշորներն են. միլիարդավոր դրամներ` պարեկներին թանկարժեք մեքենաներ գնելու համար, հարյուրավոր միլիոններ` այդ ծառայության հանդերձանքի ու սպառազինության համար:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` այնուամենայնիվ, այդ գնումներից մի քանիսը հայտնվել են պետական հսկողական ծառայությունների ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՆԳՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների կապակցությամբ հարուցված մի քրեական գործ, որը վերաբերում 2023 թվականին պարեկների համար «Չեխ ավտո» ընկերությունից պարեկային մեքենաներ ձեռք բերելու պայմանագրին:
Ըստ պայմանագրի` ՆԳՆ-ն ընկերությունից գնել է 65 հատ «Շկոդա Սուպերբ» մակնիշի մեքենա:
Գնումն իրականացվել է հայտում նշված բնութագրերի խախտմամբ` ոչ հօգուտ պետական մարմնի: Բացի այդ, նույն գործի շրջանակներում, քննվել է պարեկների համար պլանշետներ ձեռք բերելու գործարքը: Այս գնման հաղթող է ճանաչվել «Էլմարկետ» ՍՊԸ-ն: Վերջինս ՆԳՆ-ին մատակարարել է թվով 40 Samsung Galaxy Tab Active3 տեսակի պլանշետ, յուրաքանչյուրը` 393,99 հազար դրամ արժեքով, մինչդեռ մատակարարին փոխկապակցված էլեկտրոնիկայի հայտնի խանութներում դրանք վաճառվելիս են եղել 286,90 հազար դրամով:
Ստացվում է` մեծածախի դեպքում գինը յուրաքանչյուր միավորի դեպքում ուռճացել է ավելի քան 100 հազար դրամով: Այս գնման հետ կապված ևս մի հետաքրքրական փաստ. Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն մրցույթ հայտարարելիս տեխնիկական բնութագրում նշել է, որ պլանշետը պետք է պարտադիր ունենա S pen, իսկ այս աքսեսուարն առկա է բացառապես «Սամսունգ» տեսակի պլանշետների դեպքում: Այսպիսով, ՆԳՆ-ն սահմանափակել է այլ բրենդի ապրանքանիշեր ներկայացնող ընկերությունների մասնակցությունը մրցույթին: Բացի այդ, կրկին խախտվել են հայտարարված մրցույթին ներկայացված տեխբնութագրեր ու այս անգամ էլ՝ ոչ հօգուտ պետության:
Այս գործերի շրջանակներում ՆԳՆ բազմաթիվ ծառայողներ են ներգրավված, և մենք առաջիկայում կանդրադառնանք նրանցից յուրաքանչյուրին: Իսկ պատկան մարմիններն էլ դեռ կպարզեն ՆԳՆ ղեկավարությունը որչափ է տեղեկացված եղել այս ամենից և որչափ շահագրգռված: