Գայլերը Սիսիանի մի քանի գյուղերում սպանդ են իրականացրել

Գայլերը խոշորացված Սիսիան համայնքի կազմի մեջ մտնող Ցղունի, Տորունիք, Նժդեհ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների սպանդ են իրականացնում։ Այս մասին Panorama.am-Ին ասել է տուժած գյուղացիբերից մեկը։
Տավարը նոր է դաշտ դուրս եկել, բաց Տորունիքում գայլերն արդեն կերել են 5 խոշոր եղջերավոր կենդանու։ Լևոն Եփրեմյանը տուժած գյուղացիներից մեկն է։ Մի քանի օր առաջ ֆերմերին պատկանող երկու ցուլ գայլերի բաժին են դարձել։ Վնասը կազմում է մոտ 600 հազար դրամ։
«Երեկ էլ վեց գայլ է եկել գյուղ, էլի անասուն են կերել։ Շատացել են։ Ես 100-ից ավելի խոշոր եղջերավոր ունեմ, տարվա ընթացքում չափից շատ մեծ վնաս են տալիս։ Գյուղացին 10 անասուն է պահում, 3-ը պետք է իր օգուտը լինի, 3-ին կամ 4-ին գայլն է ուտում։ Հիմա ես դեռ շատ ունեմ, բայց էն մարդը, որ ընդամենը մի անասուն ուներ, պիտի պահեր, աշունն իր դարդ ու դարմանին աներ, գայլը կերել է»,-համագյուղացու դարդն է լացում երկու ցլերից զրկված Լևոն Եփրեմյանը։
Գյուղացին ասում է՝ մարզպետարան չեն դիմել, գիտեն՝ փոխհատուցումը քիչ է, գյուղատնտեսական ապահովագրություն էլ չեն արել։ Հիմա մտածում են՝ ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ մյուս կենդանիներին անվտանգ պահեն։ Փոքր հորթերն արձակ դաշտ են ուզում։
«Հենց հիմա մտածում եմ, ոնց անեմ, որ գայլի փայ չդառնան։ Մենք գայլի տարածք չենք մտել, մարդիկ ինչքան էլ բնապահպանությամբ զբաղվեն, գայլերին պաշտպանեն, մի բան պարզ է, գայլերը շատացել են, կերն իրենց չի բավարարում, իրենց տարածքից դուրս են գալիս»,-նշում է ֆերմերը։
Անասունների վրա գայլերի հարձակումների մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Տորունիքի բնակիչ Արա Ստեփանյանը։ Նա հոշոտված կենդանիների լուսնարկերներ է հրապարկել, կից գրության ներքո ակտիվ նշել Սյունիքի մարզպետին, փոխմարզպետին, կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին ու այլոց։ «Ես չեմ տուժել, բայց վախենում եմ, ես էլ անասուն ունեմ, բացի այդ, երեխան կարող է դուրս գա տնից, գայլերը հարձակվեն վրան։ Վտանգն արդեն կա։ Հայրս էլ է տեսել, երկու խումբ է, մեկի մեջ վեց գայլ է, մյուսինը՝ երկու գայլ»,-ասում է Ա. Ստեփանյանը։
Սյունիքի մարզպետարանից գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ գայլերի հարձակումների մասին որևէ տեղեկություն չունեն։ Խոստացան՝ կհետաքրքրվեն, խնդրին հետամուտ կլինեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում