Տեղի է ունեցել Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակի նամականիշի մարման արարողությունը

Մատենադարանում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակ»-ի նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, ճարտարապետի թոռը՝ լրագրող, գրող Մարկ Գրիգորյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն իրականացրել են ճարտարապետի անվանական գեղաթերթիկի մարումը:
Մատենադարանի, Ազգային ժողովի, Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և այլ ճարտարապետական կոթողների հեղինակի անվանական գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված են ճարտարապետը և նրա նախագծած կառույցները։
Միջոցառման ավարտին ճարտարապետի թոռը Մատենադարանին նվիրաբերեց Մատենադարանի շենքի առաջին գծագիրը, որը տարիներ առաջ վերականգնել էին Մատենադարանի վերականգնողները: