Քաղաքապետարանը միակողմանի խզել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հետ պայմանագիրը

Նրա փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից ստացել է որոշում առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է իր գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում:
«Այս պահին առավե՛լ կարևորում եմ հետևյալը.
Թատերական մասնագիտական ու թատերասեր հանրության, գործընկերներիս, իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրած բոլոր մարդկանց շնորհակալությունս եմ հայտնում՝ աջակցության, զորակցության, գնահատականների, հոգով ամուր մնալու, եռանդը չկորցնելու և անկեղծ մաղթանքների համար:
Հավատը հույս է ներշնչում, որ կամայականության, հաճկատարության և դիլետանտիզմի փոխարեն, մեր վաղվա օրը, այնուամենայնիվ, արդարության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային առողջ հարաբերությունների, նվիրվածության և նույնքան առողջ տրամաբանության գերակայությամբ է առաջնորդվելու:
Առանձնակի շնորհակալությունս հարազատ թատրոնին, ՊՀԹ-ի նվիրյալ աշխատակազմին, գեղարվեստաստեղծագործական խմբի անդամներին, արտիստներին, բոլոր ծառայությունների աշխատակիցներին՝ համատեղ յոթնամյա ադյունավետ գործունեության համար:
Մենք առաջնորդվեցինք համախոհությամբ և հանուն մեր Պատանի հանդիսատեսի անխզելի բարեկամության նպատակասլացությամբ։
Հույս ունեմ, որ դուք էլ այդ տարիներն արդյունավետ եք համարում, քանի որ դրանց ընթացքում միասին ստեղծեցինք ու բեմ բարձրացրեցինք նոր, ժամանակակից լուծումներով աչքի ընկնող մնայուն ներկայացումներ:
Համաշխարհային դրամատուրգիայի, համամարդկային խնդիրների հետ, առաջի՛ն հերթին կարևորեցինք ազգային անկորնչելի արժեքների փառաբանումն ու վերհանումը՝ թատրոնին հասու գեղարվեստական ու գեղագիտական միջոցներով»,- նշվում է նրա գրառման մեջ: