Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․
«Որոշ տեղեկություններով, Խաղաղության պայմանագրի տեքստում տեղ է գտել մոտավոր այնպիսի ձևակերպում, որ մեր երկրում չի կարող որեւէ այլ պետության ռազմական ներկայություն առկա լինել: Իսկ դա նշանակում է, որ միջպետական այդ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից։ Թե ինչպես է դա տեղի ունենալու, առայժմ հայտնի չէ, քանի որ 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում հիմնադրվել է 1995 թվականին՝ միջպետական պայմանագրով։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության պայմանագիրն ի սկզբանե կնքվել էր 25 տարի ժամկետով:
2010 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով՝ մինչև 2044 թվականը։ Այդուհանդերձ, պայմանագրում այս կետի առկայությունը, մեր տեղեկություններով, մեծ վրդովմունք է առաջացրել ռուսական իշխանությունների մոտ, ու նաև դրանով էր պայմանավորված մայիսի 9-ին Փաշինյանի անփառունակ ընդունելությունն ու Պուտինի ընդունելությանը չարժանանալը: Երկօրյա այցով Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանն այդպես էլ երկկողմ հանդիպում չունեցավ ո՛չ Վլադիմիր Պուտինի, ո՛չ էլ ՌԴ ժամանած այլ երկրների ղեկավարների հետ։ Այնինչ, մինչ մայիսի 9-ի այցը, ի պատասխան քննադատությունների, նա ակնարկել էր, որ այցի նպատակներից մեկը հենց դա է։ Պուտինը, հիշեցնենք, տոնական միջոցառման մասնակից բոլոր պետությունների ղեկավարների հետ առանձին-առանձին հանդիպումներ ունեցավ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում