Պարգևատրվել են Վարդենիս համայնքի պահեստազորայինները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի և ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանի համատեղ նախաձեռնությամբ պարգևատրվել են Վարդենիս համայնքից 2025 թվականի վարժական հավաքներին մասնակցած պահեստազորայինները։
Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ համայնքապետարանում հրավիրված հանդիպման ժամամանակ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը շնորհակալագրեր են հանձնել 2025 թվականի գարնանը կազմակերպած վարժական հավաքների մասնակիցներին:
Շնորհավորելով հավաքվածներին՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարժանքներին մասնակից պահեստազորայիններին ու հավաստիացրել, որ համայնքապետարանը մշտապես հայրենիքի պաշտպանների ու նրանց ընտանիքների անդամների կողքին է։
Գնդապետ Արմեն Մնացականյանը ևս շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ պատվով ու պատասխանատվությամբ կատարելու համար և նշել, որ նրանք լավագույն օրինակ են վարժական հավաքների հաջորդ հերթափոխերի զորակոչվածների համար: