Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ռուսաստանում ռազմավարական նշանակության օբյեկտին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ պաշտպանության ուժերը հարված են հասցրել Ռուսաստանի Օրյոլի մարզում գտնվող Բոլխովի կիսահաղորդչային սարքերի գործարանին։
«Հաստատվել է, որ թիրախային տարածք են հասել տասը անօդաչու թռչող սարքեր։ Գրանցվել է հրդեհ։ Հաստատությանը հասցված վնասի հետևանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ճշտվում է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հարվածը հասցվել է անօդաչու համակարգերի ուժերի ստորաբաժանումների կողմից՝ Պաշտպանության ուժերի այլ բաղադրիչների հետ համագործակցությամբ։
Բոլխով քաղաքում գտնվող գործարանը Ռուսաստանի Դաշնության առաջատար ձեռնարկություններից մեկն է կիսահաղորդիչների մշակման և արտադրության ոլորտում։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նշում է, որ գործարանը գտնվում է Արևմուտքի պատժամիջոցների ցանկում, բայց չնայած դրան, այն տարեկան արտադրում է գրեթե 3 միլիոն սարք։