Հնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլել

Հնդկաստանի Ուտար Պրադեշի նահանգի 24 տարբեր շրջաններում մայիսի 21-ի գիշերից մինչև մայիսի 22-ի առավոտ տեղացած հորդառատ անձրևների, կարկուտի և կայծակի հետևանքով առնվազն 56 մարդ է մահացել։
Hindustan Times անգլալեզու պարբերականից, այս մասին հայտնում է Ուտար Պրադեշի արտակարգ իրավիճակների հանձնակատարի գրասենյակը։
Կարկտահարությունից ամենաշատը տուժել են Արևմտյան Ուտար Պրադեշի շրջանները։ Տուժած շրջաններում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են եղել, իսկ մի քանի շրջաններում գյուղատնտեսական վնասներ են գրանցվել։
Ուտար Պրադեշի իշխանությունները հետևում են իրավիճակին, իրականացվում են փրկարարական գործողություններ, իսկ աղետից տուժած ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական օգնություն։
Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ ուժեղ անձրևները և 60-ից 100 կմ/ժամ արագությամբ ուժգին քամիները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը։ Որոշ շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր և նարնջագույն մակարդակ։
Մայիսի 21-ի երեկոյան եղանակի հանկարծակի փոփոխությունը քաոս է առաջացրել Ուտար Պրադեշ նահանգի հարավ-արևմտյան շրջաններում: Ուտար Պրադեշը բաժանված է 75 շրջանների՝ ամենաշատը Հնդկաստանի բոլոր նահանգների թվում։