Արայիկ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվում. սերտաճած «ցողուններին վնասազերծելուց» հետո հերթը «պտղին» կհասնի

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Նրա հովանավորության ներքո գտնվող ՔՊ կադրերը, մեկը մյուսի հետևից, պաշտոնանկ են արվելու:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի հովանավորյալներից Շենգավիթի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նախ ազատվեց պաշտոնից, ապա ձերբակալվեց ու անցնում է քրեական վարույթով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ պատճառը ծեծկռտուքն է: Իհարկե, մեկ այլ դեպքում ու մեկ այլ ՔՊ-ականի պարագայում, ամեն ինչ գուցե կարող էր ծածկադմփոց արվել, ու գնար-փակվեր: Բայց Ռազմիկ Մկրտչյանի դեպքը, փաստորեն, պատճառ դարձավ, կենցաղային լեզվով ասած, նրան «գծերից գցելու»: Եվ այստեղ հովանավոր Արայիկ Հարությունյանն էլ անգամ ի զորու չեղավ օգնության հասնել:
Իհարկե, կարելի է մտածել, որ իշխանությունները շատ արդար են և յուրայիններին վերապահումներով չեն մոտենում: Բայց այստեղ հարց է առաջանում՝ ո՞ւմ կողմից հրահրվեց վեճը, որը վերածվեց ծեծկռտուքի, ինչպե՞ս «թաքնված տեսախցիկը» անմիջապես հայտնվեց դեպքի վայրում ու այդ ինչպե՞ս եղավ, որ ամբողջությամբ տեսանկարահանվեց միջադեպը:
Մի խոսքով՝ առանց կրակ ծուխ չի լինում:
Մեր տեղեկություններով, հաջորդ «կայարանը» Արտաքին գործերի նախարարությունն է: Այստեղ, Արայիկ Հարությունյանի հովանավորյալներից Գագիկ Վանոյանն ԱԳՆ պետական արարողակարգի պետ է աշխատում:
Նա ևս հայտնվել է «սև ցուցակում»՝ զուտ Հարությունյանի հովանավորյալը լինելու պատճառով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, երբ Արայիկ Հարությունյանին սերտաճած «ցողուններն» արդեն «վնասազերծված» կլինեն՝ հերթը կհասնի նաև պտղին:
Ու այստեղ հարցը ո՛չ թե հենց Արայիկ Հարությունյանի մեջ է, այլ Նիկոլ Փաշինյանի, ով աթոռն իր տակը երկար պահելու համար, պարզապես շարունակում է, մեկը մյուսի հետևից, զոհել` «ժերտվա տալ» իր մերձավորներին՝ առանց որևէ վերապահումների:
Արմինե Մկրտումյան