ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ

Սպիտակ տանը կայացած փակ հանդիպումն ավարտվել է առանց Իրանին հարվածելու որոշման։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Վաշինգտոնի ռազմական մասնակցությունը Թեհրանի դեմ գործողությանը քննարկված մի քանի տարբերակներից մեկն էր, սակայն ԱՄՆ ղեկավարությունը չի կարողացել որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ։
Շեշտվում է, որ նման քննարկման փաստն ինքնին մեծացրել է լարվածության աստիճանը, քանի որ պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն դիտարկում է իրանական խնդրի ուժային լուծման հնարավորությունը։
Ավելի վաղ ABC News-ը հայտնել էր, որ Վաշինգտոնի՝ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը միանալու վերաբերյալ որոշումը կարող է կայացվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի պաշտոնյաները նույնպես կարծում են, որ ԱՄՆ-ն մոտ է իսրայելական գործողությանը մասնակցելուն։