Իլհամ Ալիևն այսօր հիշել է ադրբեջանցիների Հայաստանում իբր վերաբնակեցման մասին

Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց այսպես կոչված նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Սա անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների հարգման հաստատման համար։
Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Օրենքի գերակայության ամրապնդում. օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը» թեմայով միջազգային կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Քննարկվող թեմաներից մեկը կապված է փախստականների իրավունքների հետ։ Այս ոլորտում հատուկ ուշադրություն է պահանջվում անցյալ դարի սկզբից «Արևմտյան Ադրբեջանից» հարյուր հազարավոր ադրբեջանցիների «բռնի տեղահանման» հարցին, որոնք ենթարկվել են «էթնիկ զտումների»։ «Այդ սարսափելի տեղահանություններից» հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել, և «մեր ժողովրդի» «հին պատմական, մշակութային, կրոնական և հոգևոր ժառանգությունը» այդ տարածքներում, այդ թվում՝ հուշարձանները, մզկիթները, գերեզմանատները, ոչնչացվել է։ Պատմական «արդարությունը» պահանջում է ապահովել այս մարդկանց խաղաղ և անվտանգ «վերադարձը» իրենց հայրենիք (բոլոր չակերտները` NEWSPRESS.am-ի)»,- նշվում է Ալիևի հայտարարության մեջ։