«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հրավերով հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա. մամուլում շրջանառվող տեղեկությունները երեկ լրագրողների հետ զրույցում հաստատել է Ալեն Սիմոնյանը:
Այցի նպատակի մասին NEWSPRESS.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ.
Խոսելով Փաշինյանի` Թուրքիա կատարելիք այցի նպատակների մասին` քաղաքագետն ասաց. ««Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա։ Ադրբեջանից խաղաղության թուղթ ստանա և վերարտադրվի»։
Դանիելյանը նշեց, որ Ադրբեջանը դեմ է «խաղաղության պայմանագրին», Թուրքիան փորձում է համոզել. «Ադրբեջանում հասկանում են, որ գործող ռեժիմը այսօր կա, վաղը` չկա, իսկ Հայաստանի ժողովուրդը ռեժիմի պարտավորությունները կարող է չընդունել: Դրա համար նրանք չեն վստահում ռեժիմի պարագլխին և չեն ցանկանում պարտավորություններ վերցնել իրենց վրա»:
Անդրադառնալով ընդդիմության անելիքներին` քաղաագետը տեսակետ հայտնեց, որ այն թեզը, թե ընդդիմությունը պետք է միավորվի և գործողություններ իրականացնի Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, սխալ տեխնոլոգիա է:
«Ընդդիմության որևէ կոնկրետ հատված, որը պատրաստ է պատասխանատվություն վերցնել իր վրա, պետք է հստակ գործողություններ իրականացնի, հանրությանը բացատրելով երկու խնդիր` ինչ է մեզ սպասվում, եթե այս անձը շարունակի կառավարել, և երկրորդ՝ ինչ կոնկրետ փոփոխություններ է պատրաստ իրականացնել այս անձի հեռացումից հետո, այսինքն` Հայաստանի ապագայի նախագիծ ներկայացնի: Եթե միացյալ ընդդիմությունն այդ պրոցեսը ստանձնի, ապա որևէ նախագիծ հնարավոր չի լինի կազմել, նաև ապագա իշխանության շուրջ «հրմշտոց» կսկսվի, ինչպես միշտ, և ողջ պրեցեսը կձախողվի»,- եզրափակեց նա: