Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ Փաշինյան

«Երկար ժամանակ առանձնապես լուրջ չեմ վերաբերվել այդ բոլոր լուրերին, որոնց մասին այսօր ասում եմ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հոգևորականների, Վեհափառ Հայրապետի վերաբերյալ գրառումների մասին հարցերին։
Նա նշեց, որ իր համար մի բան է խոսակցությունը, բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բանը, բոլորովին այլ բան է ապացուցելի փաստը։
«Երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, ես արդեն չէի կարող համոզված չինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, ով ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է վերաբերվեմ այս ամենին, պարզ էր, որ այդ ամենին պետք է վերաբերվեմ համաձայն եկեղեցու ավանդի և կանոնների», ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօր ընդդիմության ներկայացուցիչները ասում են՝ եկել են կուսության հարց ենք քննարկում։
«Կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց»,- ասաց Փաշինյանը։
Նա իր հետ ԱԺ է բերել «Համաբարբառ կանոնագիրք հայոց» կանոնների ժողովածուն, պարբերաբար հատվածներ էր կարդում։