Իսրայելը հայտարարել է, որ հարձակվել է Թեհրանի միջուկային հետազոտական կենտրոնի վրա

Իսրայելի բանակը հայտարարել է, որ գիշերը հարվածել է Թեհրանում և Իրանի այլ վայրերում գտնվող հրթիռների արտադրության օբյեկտներին և միջուկային հետազոտությունների կենտրոնին։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակի տվյալներով՝ հարվածներին մասնակցել է 60 ինքնաթիռ։ «Թիրախների թվում են եղել ռազմաարդյունաբերական օբյեկտները, որտեղ արտադրվում են հրթիռային բաղադրիչներ, ինչպես նաև հրթիռային շարժիչի մասեր», - հաղորդում է Times of Israel-ը։
Իսրայելական բանակը նաև հայտարարել է, որ կրկին հարվածել է Պաշտպանության նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության գլխավոր գրասենյակին։
Իսրայելական բանակը հայտնել է մեկ այլ անանուն արդյունաբերական օբյեկտի վրա հարվածի մասին, որը, նրանց խոսքով, արտադրում էր միջուկային ծրագրի համար կարևոր բաղադրիչներ:
Իսրայելական բանակը գիշերը սոցիալական ցանցերում պարսկերենով նախազգուշացում է տարածել, որ կհարվածի Ռաշտ քաղաքի մոտակայքում գտնվող արդյունաբերական համալիրին: