Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը ոչ թե հեռացվել է, այլ սեփական կամքով է ազատվել ծառայությունից. փաստաբան

Պարզվում է՝ լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը՝ Ալեքսանդր Ազարյանը, ոչ թե հեռացվել, այլ անձնական նախաձեռնությամբ, այսինքն՝ սեփական կամքով է ազատվել ծառայությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Փաստորեն, վերստին ծառայության ընդունելու կամ ուժային այլ կառույցում ծառայության անցնելու որևէ խոչընդոտ բացակայում է։
Ի լրումն Ռուբեն Մելիքյանի նախորդ օրվա հայտարարության՝ տեղեկացնեմ նաև, որ Մերի Մանուկյանի հետ տեղի ունեցած դեպքով ներկայացրածս հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է նաև մեկ այլ քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի երկրորդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելը)»:

