Իշխանության որոշ ներկայացուցիչներ, փոխանակ առիթն օգտագործելով, փորձեն լինել Եկեղեցու ներսում՝ իրենց սխալ ընթացքի գիտակցումով, կրկին համառորեն ջանք չեն խնայում՝ վարկաբեկելու Եկեղեցին և Եկեղեցու սպասավորներին

Եթե եկեղեցում թեկուզև կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են համապատասխան քննարկումների ու կառույցների միջոցով, ոչ թե կամայականորեն և անթույլատրելի ճանապարհներով, այս մասին հայտարարել է Տեր Բարսեղ քահանա Մկրտչյանը։
«Ընթացիկ օրերին Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը, որը եզրափակվելու է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։ Ցավոք, իշխանության որոշ ներկայացուցիչներ, փոխանակ առիթն օգտագործելով, փորձեն լինել Եկեղեցու ներսում, որպես հավատացյալ զավակներ՝ իրենց սխալ ընթացքի գիտակցումով, կրկին համառորեն ջանք չեն խնայում՝ վարկաբեկելու Հայ Առաքելական Եկեղեցին և Եկեղեցու սպասավորներին։
Այդ ամենի վառ ապացույցն է տարրական հարգանքի և զսպվածության բացակայությունը, որ չեն կարողանում ցուցաբերել Եկեղեցու սպասավորների և Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ՝ չգիտակցելով, որ նա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդն է և նրանց իշխանության ժառանգորդը։ Նույնիսկ իշխանության ներկայացուցիչների փորձերը՝ արհեստական լարվածություն և անջրպետ ստեղծելու կուսակրոն և ամուսնացյալ հոգևորականների միջև, վստահաբար, չեն հաջողելու, որովհետև բոլոր հոգևորականներս մեկ՝ Հայ Առաքելական Եկեղեցու մեծ ընտանիքի զավակներն ենք, մի ենք ի Քրիստոս, որտեղ գերակայում է իրական սիրո գաղափարը։
Ուղղակի անհամատեղելի են իշխանության ներկայացուցիչների գործողությունները և իրենց՝ Հայ Եկեղեցու զավակ համարելը։ Եվ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. «Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք» (Մտթ. 7:17-20): Իշխանության տված պտուղները մինչ այժմ, համենայն դեպս, լավը չեն։
Եվ, ի վերջո, եթե եկեղեցում թեկուզև կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են համապատասխան քննարկումների ու կառույցների միջոցով, ոչ թե կամայականորեն և անթույլատրելի ճանապարհներով։
Իմ աղոթքն է, որ Ամենակարող Տերը յուրաքանչյուրիս իմաստնություն, ուժ և կարողություն պարգևի՝ մեր հավատքը ոչ միայն խոսքով ներկայացնելու, այլ նաև գործով»,- նշել է Տեր Բարսեղ քահանա Մկրտչյանը։