Նռնակով իրեն պայթեցնել սպառնցող տղամարդը վնասազերծվել է. մանրամասներ դեպքից (տեսանյութ)
Հուլիսի 16-ին, ժամը 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա և սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։ Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։ Այստեղ բացատրական աշխատանքը շարունակվել է, որին միացել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։ Արդյունքում՝ նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։ Այս կերպ չեզոքացվել է նաև վտանգը, որ սպառնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։