Նրա կողքին կանգնենք ու տեսնենք՝ ինչպե՞ս է հանձնում Հայաստանը․ Օհանյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին (տեսանյութ)
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը չի ցանկանում մեկնաբանել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները: Նա նկատում է միայն, որ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք կանգնենք իր կողքին ու տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:
«Մեր նորանկախ պատմության մեջ մենք մշտապես հպարտացել ենք մեր անկախությամբ, ինքնիշխանությամբ, ազատությամբ, Արցախի ազատությամբ, մեր հայկական բանակով, բայց վերջին տարիներին իշխանության եկան մարդիկ, ովքեր ձախողեցին ամեն ինչ։ Ձախողեցին բանակցային գործընթացը, անվտանգությունը, արտաքին հարաբերությունները:
Այս ձախողումներն են, որ բերեցին պատերազմի, մենք ունեցանք զոհեր։ Պատերազմի արդյունքում զոհերի մեծ մասը կարող էր չլիներ, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին։ Ցավը կայանում է նրանում, որ այսքան զոհերի պարագայում մենք ունեցել ենք պարտություն: Այս իշխանությունները պարտությունից հետո էլ տապալել են արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա։