Երևանում կայացավ գերմանաբնակ բանաստեղծուհի Նաիրա Քոչարի «Սիրո գույներ» գրքի շնորհանդեսը
Մայիսի 30-ին, Լոֆթ-Երևանում կայացավ գերմանաբնակ հայ բանաստեղծուհի Նաիրա Քոչարի նոր՝ «Սիրո գույներ» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսը բացվեց Նաիրա Քոչարի հայրենասիրական բանաստեղծություններից մեկի հիման վրա գրված երգով, որի երաժշտության հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանը։ Երգը կատարեց ժողովրդական երգիչ Դավիթ Խաչատրյանը։ Երգի YouTube-յան տարբերակը կարելի է լսել գրքի էջանշանի վրա պատկերված QR կոդով։
«Սիրո գույներ» բանաստեղծական շարքում ամփոփված են հեղինակի վերջին երկու տարիների ստեղծագործությունները։ Գիրքը թեմատիկ և գաղափարական առումով լրացնում է հեղինակի առաջին՝ «Ցավից այն կողմ» խորագրով ժողովածուն։ «Սիրո գույներ» գրքի բանաստեղծություններում ներկայացվում են հեղինակի սիրո երեք համակարգերը՝ սեր առ Աստված, սեր առ հայրենիք և անձնական սեր՝ իրենց բոլոր դրսևորումերով, գույներով ու զգացմունքային ելևէջներով։ Նաիրան ունի սիրո ընկալման ու դրա գեղարվեստականացման իր ուրույն կերպը։ Յուրաքանչյուր նոր նախատիպ իր հետ միասին հեղինակի պոետիկ աշխարհ է բերում գունային, պատկերային ու գաղափարական նոր ընկալում։ Բանաստեղծական շարքում առկա է ժամանակի եռաստիճան համակարգը։ Պոեզիան սահում է բոլոր ժամանակների միջով՝ զգացական դաշտից անցում կատարելով նաև գիտակցական մակարդակ: Թեպետ «Սիրո գույներ» գրքում գերակայում է զգացմունքային սիրո թեման, սակայն հեղինակի տողերում արտահայտվում է նաև նրա կենսափիլիսոփայությունը։ Այն գտնվում է հեղինակի պոետիկ համակարգի գլխավերևում՝ դառնալով գրքի գլխավոր երանգներից մեկը:
Ընդգծենք, որ գրքի երևանյան շնորհանդեսից հետո շնորհանդեսներ են տեղի ունեցել նաև հեղինակի ծննդավայրում՝ Վանաձոր քաղաքում, ինչպես նաև փոքրիկ ցերեկույթ է տեղի ունեցել Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Գիրքը նվիրված է Թումանյանի մահվան 100-ամյա տարելիցին։
Մինչև տարեվերջ «Սիրո գույներ» գրքի շնորհանդեսներ կանցկացվեն Գերմանիայի Համբուրգ, Շտուտգարտ և Բեռլին քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Հավելենք նաև, որ հեղինակի առաջին գիրքը՝ «Ցավից այն կողմ» խորագրով, լույս է տեսել 2021 թ.-ին Երևանում: