«Չե՞ք կարծում, որ 50․000-ից 100․000 դրամ սահմանելը քիչ է». ՔՊ-ական պատգամավորի հարցը՝ Լիլիթ Գալստյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկում է հուշարձանները փչացնելու դեպքում տույժերը կրկնապատկել:
Նա «վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացրել: Վերջինս ուղղված է բնության, մշակույթի, պատմության հուշարձանների պահպանության, օգտագործման ու պաշտպանության նկատմամբ հանրային ու վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն։
Նախագծով առաջարկվում է վարչական տույժերի չափը բարձրացնել՝ այն կրկնապատկելով:
«Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայության, ինչպես նաև գործող մեխանիզմների ոչ պատշաճ կիրառման արդյունքում խաթարվում են պատմության, բնության հուշարձանների պահպանման կարգերը, ռեժիմները։ Վստահություն ունենք, որ այս լրացումներն ու փոփոխություններն այդ խախտումները նվազեցնելու են»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Նրան հարց ուղղելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ նախատեսված գումարը քիչ է:
«Չե՞ք կարծում, որ 50 հազարից 100 հազար դրամ սահմանելը քիչ է՝ հաշի առնելով, որ խոսքը բնության մասին է»,- հարցեց Գաբրիելյանը:
Լիլիթ Գալստյանն էլ նկատեց, որ տուգանքի սահմանի հարցում ելակետային է եղել կրկնապատկումը։
«Ես ուղեկցվել եմ ողջամտության սահմաններում՝ սանդղակ սահմանելով, նաև պատգամավորի հայեցողական լիազորությամբ եմ առաջնորդվել։ Բայց եթե ավելի բարձր պատժամիջոցներ եք նախատեսում, պատկերացնում, կարող ենք քննարկման առարկա դարձնել, չեմ առարկի»,- ասաց Լիլիթ Գալստյանը։