ՌԴ-ն չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց ապրանքը մեր խանութներում վաճառվում է. Սիսակ Գաբրիելյանը դժգոհեց (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկվում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է մեր մոտ։ Այս նախագծով այդ խնդիրը կլուծվի՞, թե մեր հայ արտադրողների համար իրենց շուկան կշարունակի փակ մնալ, իսկ իրենց ապրանքը անխոչընդոտ մեր խանութներում կվաճառվի»,- դիմելով Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին` իր դժգոհությունը հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Տաթևիկ Սարգսյանն էլ նշեց, որ ԵԱՏՄ կանոնակարգի 317 որոշմամբ անդամ պետություններում պետք է գրանցված լինեն կենդանիների համար կերային հավելումները, որպեսզի հնարավոր լինի ներմուծել դրանք տարածք։ «Այս պահին չեն ներմուծվում և բեռները կանգնած են սահմանին»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը և տեղեկացրեց, որ նախագծով նաև նախատեսվում է ստեղծել այդ հավելումները գրանցող մարմին, բայց կաթի հարցը չի կարգավորվում։ Հայտնելով, որ հայրենական արտադրողները 5-6 ամիս առաջ այդ հարցով նամակ են ուղարկել և այցելել Էկոնոմիկայի նախարարություն՝ ՔՊ-ակն պատգամավորը խնդրեց ընթացք տալ հարցին։
«Ամեն անգամ մտնելով խանութներ՝ տեսնում ենք, որ հայկական արտադրանքը գնալով նվազում է, իսկ այն շուկան, որը մեզ արգելել է այնտեղ ներմուծել մեր ապրանքը, իրենց արտադրանքը մեր վաճառասեղաններին դրված է»,- ասաց Գաբրիելյանը։