«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)

Ապրիլի 13-ին և 14-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Սիրով Արցախից» ցուցահանդեսը, որը կազմակերպել էր «Winners lab» ՀԿ-ն։
«Սիրով Արցախից» ցուցահանդեսին մասնակցում էին Արցախից բռնի տեղահանված անձինք։
Մասնակիցների մի մասն իրենց ձեռագործ աշխատանքներն ու փոքրիկ բիզնեսն սկսել էին Արցախում` նախքան պատերազմը, իսկ մի մասը` արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո։
Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներն ունեցան նաև կավագործության, նկարչության և գործելու վարպետության դասեր։ Նրանք փոխանցեցին իրենց գիտելիքները ցուցահանդեսի այցելուներին։ Վերջիններս էլ իսկապես մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ փորձեցին յուրացնել իրենց փոխանցված տեղեկությունները:
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը։ Ու մենք հնարավորինս շատ պետք է խոսենք իրենց գործունեության մասին»,- մեզ հետ զրույցում ասաց «Winners lab» ՀԿ- հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանը` ընդգծելով, որ իրենց ՀԿ-ի նպատակն է ճանաչել և գնահատել մեր պատմությունն ու արժեքները, կիրառել գիտելիքը որպես ուժ և ներգրավելով հասարակությանը՝ իրականացնել առկա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր։
Լուսանկարները` Լուսինե Հովհաննիսյանի