Պենտագոնը հերքել է իր մասնակցությունն Իրաքին հասցված հարվածներին

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը, Իրաքի Բաբիլ նահանգում գտնվող ռազմաբազայում պայթյունի մասին տեղեկությունների ֆոնին, հերքել է, որ ամերիկյան զինվորականները որևէ կերպ առնչություն ունեն երկրի վրա հարձակումների հետ:
Ավելի վաղ Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը РИА Новости-ին հայտնել էր Իրաքի Բաբիլ նահանգի Բաղդադից հարավ գտնվող Կալսու ռազմաբազայում պայթյունի մասին։
Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Ըստ շիա աշխարհազորային Ալ-Հաշդ ալ-Շաաբիի սոցիալական ցանցերի՝ ավիահարված է իրականացվել այն բազայի վրա, որտեղ տեղակայված են աշխարհազորայինների ուժերը, իրաքյան բանակը և դաշնային ոստիկանությունը: