Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Դուք տեսնում եք, որ ամբողջ Հայաստանով մարդիկ զարթնում են, հասկանում են, որ մենք շուտով ապրելու տեղ չենք ունենա: Այս մասին այսօր ինքնաբուխ հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Նրա խոսքով` սա 4 գյուղի հարց չէ. «4 գյուղից հետո էլի 4 գյուղ են պահանջելու, մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, դրանից հետո լինելու է Սյունիքի միջանցքը: Նրանք հստակ ասում են մեզ: Այս խումբն անընդհատ խաբում է և դոզաներով քիչ-քիչ մեզ ասում, թե ինչի մասին են պայմանավորվել: Որովհետև եթե միանգամից ասեն, երևի անգամ ռեստորաններում նստած մարդիկ դուրս կգան փողոց, եթե իմանան` ի վերջո ինչ են որոշել, դրա համար կամաց-կամաց են ասում»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե շատ դրական է վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, Խաչիկյանը նախ լսելով Սիմոնյանի անունը, ասաց, որ չի ուզում մեկնաբանել, ապա երբ լրագրողը հստակեցրեց, թե խոսքը հանգամանքի մասին է, քաղաքագետն ասաց. «Մեզ ծնկի են բերելու, և Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ: Դրանից հետո նա պահանջելու է Սյունիքը, դրանցից հետո պահանջելու է Սևանի կեսը, դրանից հետո ասելու է` մենք Կոնդ պիտի վերադառնանք: Նրանք ոչ մի գաղտնիք չեն պահում: Նրանք լուրջ մարդիկ են, այո', մեր թշնամիներն են, բայց կարելի է նրանց հարգել, նրանք լուրջ մարդիկ են, և իրենց ժողովրդի շահերն են առաջ տանում: Մեզ մոտ այս ռեժիմն է անհասկանալի»,- ասաց Խաչիկյանը: