Դրանք ոչ թե տարածքների հանձնում է, այլ մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ-ական (տեսանյութ)
Ձևակերպումը, ըստ էության, ընդդիմադիրների տված ձևակերպումն է, որովհետև, որպես էդպիսին, տարածքի հանձնում տեղի չի ունենում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«Արդեն բազմիցս կրկնել ենք՝ դրանք ոչ թե տարածքների հանձնում է, այլ ընդամենը վերահաստատում ենք այն սահմանագծերը, որոնք ունեցել ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենի վերաբերյալ կա իրավական փաստաթուղթ և հիմնավորում։
Նրա գնահատմամբ` ընդդիմությունը պարզապես խաղում է հասարակության էմոցիաների վրա։ ՔՊ-ական պատգամավորն սկսեց բացատրել, թե ինչպիսի հուզականություններ են առաջանում հասարակության շրջանում՝ հանձնում բառից։
«Հանձնում, որպես էդպիսին, տեղի չի ունենում։ Հանձնում տեղի չի ունենում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ»,- կրկնեց ՔՊ-ականը։