Գառնի համայնքի 2 բնակավայրում բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է. դրանք ապամոնտաժվել են
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 1-ին փողոց թիվ 12/1, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 1-ին փողոց, թիվ 4/1 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի վերոնշյալ երկու բենզալցակայանների գործունեության դադարեցման որոշումներ է կայացրել։
Տեսչական մարմնի կողմից կայացրած դադարեցման որոշումների հիման վրա Գառնիի համայնքապետի կողմից կայացվել են նաև դրանց ապամոնտաժման վերաբերյալ համապատասխան որոշումներ, որոնց արդյունքում տնտեսավարողները սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել են խախտումներով շահագործվող բենզալցակայանները։