Ես ման եմ գալիս այդ մարդկանց, որ գան ու ապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է․ միշտ ասել ենք՝ այ, տեսեք, այս գծից այն կողմ Ադրբեջանն է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի տարածքների մասին
Հայաստանի Հանրապետությունում, Տավուշի մարզում չկա որևէ գյուղի մասին քննարկում, որն Ադրբեջանին հանձնելու ենթակա է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայկական վերահսկողության ներքո գտնվող՝ Տավուշին տարածքների հանձնման թեմային։
«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, որ գան ու ապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե՝ ինչպես են որոշում, թե այդ գյուղերը որ տարածքում են, երբ քարտեզներ չկան, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ «Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ՝ բոլոր թվականի քարտեզներով»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվում։
Նա հռետորական հարց ուղղեց լրագրողներին․ «Երբ սեպտեմբերի 21-ին դուրս ենք գալիս ու նշում ՀՀ անկախության տոնը, մենք կոնկրետ բան ենք նշո՞ւմ, թե՞ ոչ․ իհարկե, կոնկրետ բան ենք նշում, ու իր սահմանների տեղն էլ Հայաստանը գիտի։ Տավուշի բնակիչները գիտեն, որ այս գծից այն կողմ արդեն ադրբեջանական տարածքն է։ ՀՀ բոլոր իշխանությունները՝ թե' Սերժ Սարգսյանի, թե' Ռոբերտ Քոչարյանի օրոք իմացել են, որ որոշակի գծից այն կողմ Ադրբեջանն է։ Ու մենք էլ Վրաստան գնալիս ասում ենք՝ այ, տեսեք, այս գծից այն կողմ Ադրբեջանն է։ Այնպես որ, նոր բան չենք խոսում»,- ասաց Սիմոնյանը։