9-րդ դասարանի աշակերտն իր ծննդյան օրը, մեքենայի ղեկին, ընկերոջ հետ վթարի է ենթարկվել. 15-ամյա ընկերը մահացել է, հարազատները փորձել են հաշվեհարդար տեսնել
Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Վ-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու վրա գտնվող կամրջի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Թովմասյանին պատկանող «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են Ազատ գետի մեջ: «BMW»-ն կողաշրջվել է:
Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդ Գագիկ Վ.-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից Հայկ Հ.-ն գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքիի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները սովորում են Արտաշատի թիվ 1-ին դպրոցի 9-րդ դասարանում և նշելիս են եղել «BMW»-ի վարորդի ծննդյան օրը, իսկ հիվանդանոցում Արտաշատի ոստիկաններն ու պարեկները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կանխել են հաշվեհարդարը (վենդետան), քանի որ մահացած երեխայի բարեկամները փորձել են պարզաբանում և հաշվեհարդար տեսնել «BMW»-ի վարորդի հարազատների հետ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: