Այն, ինչ կատարվում է Կիրանցում, տեսնելու ենք հայաստանյան այն բնակավայրերի ուղղությամբ, որտեղ իշխանությունները շարունակելու են ադրբեջանական օրակարգով «սահմանային ճշգրտումներ իրականացնել»
Այսօր, լրագրողների հետ զրույցում, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Բաղանիսում, Ոսկեպարում։
«Դա տեղափոխվել է Կիրանց ու, եթե չկասեցվի, դա տեղափոխվելու է սահմանագծի այլ հատվածներ: Ոստիկանությունը մեծաթիվ ուժերի միջոցով բլոկավորում է այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնեն Ադրբեջանին, դա սկզբից ուղեկցվում է տեղեկատվական նախապատրաստությամբ, որի վերջին ակորդը Կիրանցի մասով երեկվա Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցն էր, դրան հետեւում են նաեւ բռնությունների գործողություններ: Մինչ այդ նաեւ փորձում են մեկուսացնել անազատության միջոցով մարդկանց, որոնք ակտիվություն են դրսեւորում իրենց գյուղի, իրենց տների ու իրենց հայրենիքի պաշտպանության համար: Վերջին փուլը լինում են այսպիսի գործողությունները: Եթե այս փուլում հնարավոր չեղավ սա կասեցնելու, ապա դա տեսնելու ենք հայաստանյան այն բնակավայրերի ուղղությամբ, որտեղ իշխանությունները շարունակելու են ադրբեջանական օրակարգով, այսպես կոչված, սահմանային ճշգրտումներ իրականացնել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը;