ԱՄՆ-ն նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի իր թեկնածուին
ԱՄՆ-ն աջակցում է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի նշանակմանը ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Այս մասին ԱՄՆ և Ռումինիայի նախագահներ Ջո Բայդենի և Կլաուս Յոհանիսի բանակցություններից առաջ լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ոչինչ չի փոխվել մեր աջակցության առումով, որ պարոն Ռյուտեն դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գլխավոր քարտուղարը», - ասել է Քիրբին:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Թուրքիան աջակցություն էր հայտնել Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Դա ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռ չէր հայտնել իր դիրքորոշումն այս հարցում։