«Ցախավելային» գործարք կամ փողերի ամենասովորական լվացում. աղբահանության ՊՈԱԿ-ի տնօրենը շարունակում է վատնել բյուջեն. մանրամասներ

Ըստ մամուլում հրապարակված տեղությունների` «Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային կազմակերպությունը 24 մլն դրամով կրկին 60 հազար հատ ցախավել է գնել, միավորի արժեքը՝ 400 դրամ։
Նաև նշվել է, որ այդ ցախավելները գնվել են 384 աշխատողի համար։ Ստացվում է` յուրաքանչյուր աշխատողի հասնում է 156 ցախավել։
Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե ցախավելները շուտ են մաշվում, նորացման կարիք ունեն ու էլի տարբեր արդարացումներ գտնել։ Սակայն իրականում սա ոչ այլ ինչ է, եթե ոչ փողերի լվացման ու քաղաքապետարանին հիմարացնելու հերթական ձև (եթե իհարկե քաղաքապետրանն ինքը մասնակից չէ այս գործարքին)։
NEWSPRESS.am-ը բազմիցս անդրադարձել է «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ՊՈԱԿ-ում տիրող իրավիճակին և նշել, որ նոր տնօրեն Հովհաննես Մանուկյանի, մեղմ ասած, անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով, հիմնարկը ձեռքից գնում է։
Այն մասին, թե ինչպես է աղբահանության ՊՈԱԿ-ի նոր տնօրենը վատնում ՊՈԱԿ-ի բյուջեն` արդեն գրել ենք։
Ինչ վերաբերում է մեծաքանակ ցախավելներին, ապա, մեր տեղեկություններով,նախորդ տնօրենի օրոք ցախավելները ձեռք են բերվել ոչ միայն 2 անգամ էժան գնով, այլև` 2 անգամ քիչ քանակով։
Սա այն դեպքում, երբ աշխատողները եղել են ավելի շատ` 384–ի փոխարեն աշխատել է 421 մաքրող բանվոր։
Մաթեմատիկայի ամենատարրական իմացությամբ անգամ, կարելի է հաշվել, որ փաստորեն ձեռք են բերել ոչ թե 60000 այլ 30000 հատ ցախավել և միավորի արժեքը ոչ թե 400, այլ 200 դրամով։
Ստացվում է 24 մլն դրամի փոխարեն ծախսվել է ընդամենը 6 մլն դրամ ու յուրաքանչուր աշխատողի հաշվարկով ստացվել է 70 ցախավել։
Իհարկե, եթե գնահատելու լինենք աշխատանքի արդյունքով, ապա ոչ ոք չի կարող պնդել, որ հիմա ավելի լավ են մաքրում փողոցները, քան օրինակ 1–2 տարի առաջ։ Հատկապես որ այն ժամանակ աշխատողները ավելի շատ են եղել։
Եթե ՊՈԱԿ–ի տնօրեն Մանուկյանն իսկապես ուզում է ավելի լավ արդյունք ստանալ, քան կար, ապա գուցե ոչ թե ցախավելների, այլ աշխատողների թիվն ավելացնի, քանի որ ավելի շատ քանակությամբ ցախավելներն իրենք իրենց փողոց չեն մաքրում։
Այս ֆոնին կասկածելի են թվում Մանուկյանի կողմից այդքան շատ ցախավելներ ձեռք բերելու տենչն ու հարց է առաջանում` ցախավելներն իսկապե՞ս այդ քանակով ու այդ գնով են ձեռք բերվել, թե՞ դրանք միայն փաստաթղթով ներկայացված թվեր են։
Չենք խոսում նաև այն մասին, որ միայն վերջերս էր ՊՈԱԿ–ը ձեռք բերել ևս 60 հազար հատ ցախավել։
Հ.Գ. Խնդրին հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։