«Կարծում եմ թափանիվը շարժվել է»․ փոխվարչապետը՝ Եվրամիության և Հայաստանի համատեղ ծրագրերի մասին
Թափանիվը շարժվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին՝ կապված Եվրամիության կողմից տրամադրվելիք 2,6 միլիարդ եվրոյի շրջանակներում կատարվելիք ծախսերին։
Նա նշեց, որ տարվա արդյունքներով 550 մլն եվրոյին համարժեք ծավալի ծրագրեր կան ԵՄ-ի հետ, որոնք մեկնարկել են և գտնվում են այս կամ այն փուլում:
«Մի մեծ մասը գնալու է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Համագործակցում ենք ԿԲ-ի հետ և հույս ունենք, որ շատ արդյունավետ ու արագ տեղից կշարժվի, որովհետև մեխանիզմները կան՝ համավարկավորման, սուբսիդավորման»,- ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով` Սյունիքի մարզի կայունացման մասով կա մոտ 50 մլն եվրոյից ավելի ծրագրերի փաթեթ, որով մեկնարկման փուլում են:
«Կարծում եմ` թափանիվը շարժվել է: Իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ, որ ծրագրերն ավելի ծավալուն լինեին: Ես համաձայն եմ, որ պետք է ավելի արագ անել, բայց խնդիր, որ X ժամկետում չանելու պարագայում այլևս հնարավոր կամ հասանելի չէ համագործակցությունը, դա այդպես չէ»,- ասաց նա: