Դրանից վատ մի զգացեք․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ցեղասպանության զոհերի անունները «հատ-հատ» գրելու մասին
«Դուք եկել ասում եք, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «Ցեղասպանություն» բառից, ի՞նչ եք ասում»։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե՝ ինչո՞ւ է Փաշինյանն իր ելույթներում Ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործում է Մեծ եղեռն տերմինը, սա ինչո՞վ է պայմանավորված։
«Ես խնդրում եմ․․․ նման բան չի կարող լինել, նման հարց մեր օրակարգում չկա, Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, ներկա իշխանությունների օրոք մի շարք կարևորագույն պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված ԱՄՆ Սենատի կողմից և այլն»,-ասաց նա։
Ճեպազրույցին ներկա մեկ այլ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանից էլ լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչ նկատի ուներ նա, երբ հաղորդման ժամանակ ասաց, թե՝ Ցեղասպանության զոհերի անունները պետք է առարկայացվեն։
«Գուցե այդ թիվն ավելի շատ է կամ ավելի քիչ, մինչև հիմա մեր պետությունն ինչի՞ այդ խնդիրը չի հասցեականացրել, հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում, դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար, դրանից վատ մի զգացեք։ Ցեղասպանության թանգարանում այդ նկարներից բացի պետք է լինի մեր նահատակված ժողովրդի անուն-ազգանունները, եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ և ավարտ։ Եթե մենք դա չարձանագրենք, հակառակ կողմը միշտ կարող է ասել՝ այդպիսի բան չի եղել, մինչև հիմա էլ ասում է, այլ նպատակ ման մի եկեք»,-ասաց նա։
ՀԻշեցնենք, որ ավելի վաղ, «Ազատությանը» տված հարցազրույցում, Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե՝ եթե ասում եք՝ 1,5 մլն հայ է կոտորվել՝ պետք է ինչ-որ մի արխիվներում գտնենք բոլորին ազգանուններով՝ երբ, որտեղ, ինչ պայմաններում․․․