Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետության - խմբ.) հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն՝ իրենց իրավունքների և անվտանգության ապահովման պայմանով: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածքը լքած հայ բնակչությանը, ապա, ինչպես նկատեցիք, Ադրբեջանի իշխանությունները վերաինտեգրման հատուկ ծրագիր են ընդունել։ Մեկ անգամ չէ, որ ընդգծվել է, որ Ռուսաստանը ողջունում և աջակցում է այդ քայլը։ Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու տարածաշրջան իրենց իրավունքներով և, իհարկե, պատշաճ կերպով ապահովված անվտանգությամբ»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ամեն կերպ աջակցել այս գործընթացին, նշել է ռուս դիվանագետը։
Նրա խոսքով` այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանը և Ադրբեջանը լքած ադրբեջանցիների և հայերի վերադարձի թեմայից:
Այս կատեգորիայի քաղաքացիների հնարավոր վերադարձի համար պայմաններ ստեղծելու համար մեծ ծավալի աշխատանք է պետք կատարել։ Անհրաժեշտ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորում, անհրաժեշտ է երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծել, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում,- նշել է Զախարովան: