Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել են Ղուրանը
Իրանը դատապարտում է Սուրբ Ղուրանի այրումը Շվեդիայում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քենանին ընդգծել է, որ իսլամական աշխարհի հասարակական կարծիքի ակնկալիքն է Շվեդիայի կառավարությունից «կանխել նման հակաիսլամական վարքագծի կրկնությունը և պատժել մահմեդականների կրոնական զգայունությունը վիրավորող հանցագործներին»։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քենանին դատապարտել է Շվեդիայում Սուրբ Ղուրանի այրումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության գրավոր հայտարարության՝ Քենանին հայտարարել է, որ որոշ եվրոպական երկրներ թույլ են տալիս ծայրահեղականներին վիրավորել իսլամական արժեքները՝ իբր արտահայտվելու ազատությանն աջակցելու պատրվակով, և ընդգծել, որ այդ երկրները ինստիտուցիոնալացնում են իսլամաֆոբիան իրենց հասարակություններում։
Նշելով, որ նման գործողությունները ոչ մի կապ չունեն արտահայտվելու և կարծիքի ազատության հետ, Քենանին ասել է. «1,5 միլիարդ մահմեդականների սուրբ գրքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի կրկնությունը բոլոր մուսուլմանների դեմ ատելություն տարածելու և բռնություն հրահրելու վառ օրինակ է»։
Նշենք, որ դանիական ծայրահեղ աջակողմյան «Խիստ ուղղություն» կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել է Ղուրանը, և ոչ ոքի թույլ չեն տվել մոտենալ Փալուդանին՝ բազմամարդ ոստիկանների պաշտպանության ներքո անցկացվող ակցիայի ժամանակ։